ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Բանակցությունը ցանկացած դեպքում նշանակում է պատերազմի բացառում, և դա արդեն իսկ դրական է»

«Բանակցությունը ցանկացած դեպքում նշանակում է պատերազմի բացառում, և դա արդեն իսկ դրական է»
17.07.2009 | 00:00

«ԻԴԵԱԼԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿՈՂՄԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
Երեկ «Իրավունք de facto» ակումբի հյուրն էր քաղաքագետ, «Գլոբալիզացիայի հայկական կենտրոնի» տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որը լրատվամիջոցներին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացի վերաբերյալ իր տեսակետներն ու մտահոգությունները։ Ասուլիսից հետո քաղաքագետը չհրաժարվեց «Իրավունքը de facto» թերթի մի քանի հարցերին պատասխանելուց։
-Պարոն Գրիգորյան, քաղաքական շրջանակներում այսօր առավելապես քննարկվող խնդիրը ԼՂ հակամարտության կարգավորման ներկա գործընթացն է, մասնավորապես, մադրիդյան սկզբունքները։ Բայց, թերևս, ճշտենք` արդյո՞ք մադրիդյան սկզբունքներն իսկապես բացահայտված են, կա՞ պատկերացում դրանց իրական բովանդակության մասին։
-ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում հանդես եկան հայտնի համատեղ հայտարարությամբ։ Դրանից մի քանի օր անց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական կայքում զետեղվեց մադրիդյան սկզբունքների վերաբերյալ լրացված փաստաթուղթը։ Ըստ այդմ, ես համարում եմ, որ մենք կարող ենք պնդել, թե տեղեկացված ենք այն փաստաթղթից, որը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տրամադրության տակ, և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական փաստաթուղթն է այս փուլում։ Դա նկատի ունենալով, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ այսօր ծայր առած տարաբնույթ քննարկումները կարող են լինել ավելի հիմնավորված։
-Ինչո՞վ բացատրել, որ հենց ամերիկացիները հրապարակեցին այդ փաստաթուղթը։
-Դժվարանում եմ ասել։ Բայց, միաժամանակ, կասկած չունեմ, որ այդ քայլը միանշանակ համաձայնեցված է եղել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։ Հակառակ դեպքում պաշտոնական Մոսկվան ու Փարիզն այս ընթացքում կհերքեին կամ իրենց անհամաձայնությունը կհայտնեին այդ փաստաթղթի, ինչպես նաև ամերիկացիների գործելակերպի առնչությամբ։ Այդպիսի բան մինչ օրս չի եղել, ուստի համանախագահ երկրների միջև առկա է համաձայնեցված գործելաոճ։
-Այդպիսի համաձայնությունը հնարավո՞ր եք համարում այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը և Ռուսաստանն այդպես էլ վերջնական համաձայնության չեկան ռազմավարական նշանակության միջուկային սպառազինությունների, Վրաստանի հարցում, մի շարք այլ խնդիրներում։ Ինչո՞վ բացատրել, որ այդպիսի հակասությունների պայմաններում հենց Ղարաբաղի պարագայում է փոխհամաձայնություն ձևավորվել։
-Ամենից առաջ ես կարծում եմ, որ մի շարք գլոբալ հարցերում, այդ թվում` ռազմավարական նշանակության միջուկային սպառազինությունների հարցում, ռուս-ամերիկյան որոշակի փոխհամաձայնություններ ձևավորվել են։ Դա տեղի ունեցավ Օբամայի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Միգուցե այդ պայմանավորվածությունները դեռևս վերջնական ձևակերպումներ չեն ստացել, որովհետև դա մեծ աշխատանք է, բայց, այնուհանդերձ, միջուկային հրթիռների կրճատման շուրջ որոշակի համաձայնություն կա։ Պետք չէ մոռանալ նաև Աֆղանստանը, որը կարևոր հանգույց է ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, և այս խնդրում, առհասարակ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, նույնպես որոշակի համաձայնություններ ձևավորվել են։ Ռուսաստանը պատրաստ է նույնիսկ միջանցք տրամադրել ամերիկյան ռազմական և ոչ ռազմական բեռնափոխադրումների համար։
Անշուշտ, կան նաև տարակարծություններ։ Նույն Վրաստանի հարցում այդ համաձայնությունը չկա, ԱՄՆ-ը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը` Աբխազիայով և Հարավային Օսիայով հանդերձ, Ռուսաստանը պնդում է, որ այդ տարածքները չեն կարող վերադարձվել Վրաստանին։ Հետագայում էլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բոլոր խնդիրները չեն հարթվելու, բայց մի շարք գլոբալ հարցերում ձեռք բերված պայմանավորվածությունները, այնուհանդերձ, շատ կարևոր են, որովհետև կայունություն են մտցնում աշխարհամասում, նաև մեր տարածաշրջանում։ Ղարաբաղի հարցում, որքան էլ տարօրինակ է, Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումների նմանություն կա։ Մասնավորապես, երկու տերություններն էլ հարցի լուծումը տեսնում են փոխզիջումային տարբերակով, ունեն շատ կոնկրետ շահեր, որոնք, թերևս, թույլ են տալիս ենթադրել, որ նրանք շահագրգռված են լուծումն արագացնելու խնդրում։ Դա, մասնավորապես, պայմանավորված է նաև մեր տարածաշրջանում էներգետիկ ծրագրերի իրականացման Արևմուտքի ցանկությամբ, նաև ադրբեջանական գազը ձեռք բերելու Ռուսաստանի ձգտումով։ Բացի այդ, Մոսկվան ձգտում է ազատվել այն ծանր հեղինակությունից, որ ձևավորվեց ռուս-վրացական պատերազմից հետո, թե Ռուսաստանը կարող է ամեն պահի հարևան երկրների տարածք զորք մտցնել, խախտել խաղի միջազգային կանոնները և այլն։ Ռուսաստանի տնտեսական վիճակը բարվոք չէ, և հիմա այն պահն է, որ կարող է Արևմուտքի համար ավելի կառուցողական դիրքորոշմամբ հանդես գալ։ Ռուսաստանի քաղաքականությունը, առհասարակ, կայուն չէ և անընդհատ փոփոխվում է, այդ թվում` ԱՊՀ երկրների նկատմամբ։ Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով, Ռուսաստանն այսօր ուզում է լուծել գազի խնդիրը, որպեսզի ադրբեջանական գազն իր տարածքով անցնի դեպի Եվրոպա։ Միաժամանակ Ռուսաստանի համար շատ հրապուրիչ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունը։ Դա շատ հստակ նշված է մադրիդյան սկզբունքները պարունակող փաստաթղթում, և Ռուսաստանը հույս ունի, որ այս հարցում ինքը կարող է լինել նույնիսկ առանցքային դերակատար։
-Մադրիդյան սկզբունքները պարունակող այդ փաստաթղթի վերաբերյալ Հայաստանում այսօր քննադատության պակաս չի զգացվում։ Տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն, ընդհուպ մինչև արտգործնախարարի հրաժարականի պահանջը, որովհետև փաստաթուղթը խիստ աննպաստ է հայկական կողմի համար։ Կարծես նախատեսվում է Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան` առանց ԼՂՀ-ի կարգավիճակի վերջնական ճշգրտման։
-Ցանկացած փաստաթուղթ, որը ենթադրելու է կողմերի միջև որոշակի փոխզիջումներ, իր մեջ պարունակելու է մեզ համար ինչպես դրական, այնպես էլ բացասական դրույթներ։ Այդպես է եղել միշտ, մեր խնդիրն այդ փաստաթղթի մեջ դրականի և բացասականի հաշվեկշիռը պարզելն է։ Այն կետերը, որոնք ավելի նպաստավոր են Ադրբեջանի համար, այդ փաստաթղթում այսօր ավելի հստակ են ձևակերպված։ Օրինակ, նշված է, որ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը պետք է դուրս գան անվտանգության գոտու մի քանի տարածքներից, իսկ դրանք վերադարձվեն Ադրբեջանին։ Ինչպես նաև փախստականները կամ ներքին տեղահանվածները պետք է վերադառնան իրենց նախկին բնակության վայրերը։ Սա նշանակում է, որ նրանք, ովքեր 16-17 տարի առաջ հեռացել են Զանգելանից կամ Շուշիից, իրավունք ունեն վերադառնալու։
-Նույնիսկ Շուշիի՞ց, որն անվտանգության գոտու տարածք չէ։
-Ձևակերպումն այդպիսին է, և, տվյալ դեպքում, խոսքը վերաբերում է բոլոր փախստականներին։ Սակայն մեզ համար դրական կետեր էլ կան, և դրանց թվում ես կնշեի այն, որ ԼՂՀ-ն մինչև հանրաքվեի անցկացումն ունենալու է ամրագրված միջանկյալ կարգավիճակ։ Սակայն ձևակերպումը կոնկրետացված չէ, անորոշ է։ Այսինքն, գաղափարը լավն է, որովհետև մինչև հանրաքվեի անցկացումը մենք կարող ենք արդարացի մտահոգություն ունենալ, որ ինչ-որ բան հետ ստանալով` ադրբեջանական կողմը կհրաժարվի ստորագրված պայմանավորվածություններից։ Այդ իմաստով միջանկյալ կարգավիճակի գաղափարը լավ գաղափար է, բայց առավել հստակեցման կարիք ունի, որպեսզի հասկանալի լինի, թե մենք կոնկրետ զիջման դիմաց կոնկրետ ինչ ենք ստանում։ Նույն կերպ փաստաթղթում խոսվում է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման մասին, որը նույնպես չափազանց կարևոր դրույթ է, բայց թե ինչ բաղադրիչներից է այն կառուցված լինելու, պարզ չէ։ Այս համատեքստում ես առանձնապես վստահելի չեմ դիտում խաղաղապահ ուժերի գործոնը, որովհետև Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերն ավելի արդյունավետ են կատարում զինադադարի ապահովման իրենց գործառույթներն արդեն 15 տարի։ Եթե այդ մեխանիզմն այլ բանով է փոխարինվելու, ապա պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչով։ Այսինքն` ո՞ր երկրների ուժերն են ընդգրկված լինելու խաղաղապահ կոնտինգենտի մեջ, ի՞նչ լիազորություններ ու գործառույթներ են ունենալու։ Անցյալի փորձը ցույց է տվել, որ խաղաղապահներն ինչ-որ պահի դառնում են հակամարտության կողմ, աջակցելով մեկ կամ մյուս երկրին կամ պետությանը։ Դրա օրինակը մենք տեսանք Հարավային Օսիայում, երբ ռուսական խաղաղապահ ուժերը պատերազմի մեջ մտան Վրաստանի դեմ։ Համանման երևույթ եղավ Բալկաններում, երբ նախկին Հարավսլավիայում տեղակայված հոլանդական խաղաղապահ ուժերը պարզապես հրաժարվեցին իրենց գործառույթները կատարելուց, և Սերեբրինիցայում կոտորած տեղի ունեցավ։ Ինձ համար բացարձակապես միևնույն է` նրանք ակամա՞ հայտնվեցին այդ իրավիճակի մեջ, թե՞ իրենց կամքով։ Մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ մեր դեպքում դա չի կրկնվելու։
-Այսինքն` համաձայն չեք դաշնակցության այն տեսակետին, որ սա պարտվողական փաստաթուղթ է։
-Քաղաքական ուժերը տարբեր գնահատականներ կարող են տալ, դա նրանց իրավունքն է։ Ես, իբրև փորձագետ, չպետք է հանդես գամ նման դիրքերից և կոշտ ձևակերպումներ տամ։ Իդեալական փաստաթուղթ կողմերից ոչ մեկի համար երբևէ չի լինելու։ Ցանկացած փաստաթուղթ, եթե այն ենթադրելու է իրական փոխզիջումներ, միշտ էլ որոշակի դժգոհություն է առաջացնելու հակամարտության կողմերի մեջ։ Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը ոչ շատ լավն է, ոչ էլ շատ վատը, մենք պետք է շարունակենք դրա վրա աշխատել և հասնել մեզ համար ընդունելի ձևակերպումների հաստատման։ Դրա համար, կարծում եմ, ժամանակ կա, ոչ ոք մեզ չի կարող ստիպել այն ստորագրել, եթե մեզ համար կարևոր դրույթներում հստակություն չմտցվի։ Նույն կարգավիճակի հարցը, որ ԼՂՀ-ն մինչև անկախության հանրաքվեն պետք է ունենա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ, շատ կարևոր է ու դրական։ Բայց դա մինչև վերջ պետք է հստակեցվի` անցանկալի հետևանքներից խուսափելու համար։
-Մինչդեռ կան կարծիքներ, որ համանախագահ երկրները շահագրգռված են հատկապես Հայաստանին ստիպել ստորագրելու այդ փաստաթուղթը։
-Այդպիսի վտանգ եղել է միշտ, որ գերտերությունների միջև կձևավորվի կոնսենսուս, ու կսկսվի ճնշում հակամարտության կողմերի վրա։ Եվ քանի որ Ադրբեջանի պարագայում կա նավթային գործոնը, ավանդաբար համարվում է, թե Հայաստանի նկատմամբ ավելի մեծ ճնշում կգործադրվի։ Այսօր, իսկապես, կա տպավորություն, որ ձևավորված է ռուս-ամերիկյան կոնսենսուս, մանավանդ եթե ամերիկացիները համաձայնեն, որ կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջամտությունը մեծանա, դա մեզ համար վտանգավոր կարող է լինել։ Այնուհանդերձ, չեմ կարծում, թե Հայաստանի որևէ ղեկավարի հնարավոր է պարտադրել մեզ համար աննպաստ փաստաթուղթ ստորագրել։ Մանավանդ առանց ԼՂՀ-ի մասնակցության։ Իսկ որ բանակցությունների ինչ-որ փուլում Ղարաբաղը պետք է լիարժեք մասնակցության հնարավորություն ունենա, դա անկասկած է։ Հակառակ դեպքում որևէ համաձայնության հասնել չի հաջողվի։
-Առանձին քաղաքական ուժեր, մասնավորապես ՀՅԴ-ն, համարում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը Ղարաբաղի հարցում տապալված է, կապում են դա արտգործնախարարի հետ և նույնիսկ մտադիր են պահանջել նրա հրաժարականը։ Ձեր կարծիքը։
-Ընդդիմադիր քաղաքական ուժերի պարագայում միանգամայն բնական է քննադատել իշխանության քաղաքականությունը և հետո այդ քննադատությունից ելնելով պահանջել այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը։ Իբրև փորձագետ, ես չեմ համարում, որ Ղարաբաղի հարցում մեր արտաքին քաղաքականությունը տապալվել է։ Վտանգներ եղել են միշտ և շարունակելու են գոյություն ունենալ, այդ մտավախությունները կարելի է չեզոքացնել միայն բանակցային գործընթացի շնորհիվ։ Իրականում Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացը վերականգնվել է վերջին մեկ տարվա ընթացքում, 3-4 տարի առաջ դա չկար։ Տեղի էին ունենում ինչ-որ հանդիպումներ նախագահների ու արտգործնախարարների միջև, բայց իրական բանակցություններ չկային։ Իսկ դա չէր կարող դրական լինել, ընդհակառակը, կոշտացնում էր Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ։ Իսկ հիմա և՛ մենք ենք ավելի պատրաստ քննարկումների, և՛ մյուս կողմը նույնպես։ Բանակցությունը ցանկացած դեպքում նշանակում է պատերազմի բացառում, և դա արդեն իսկ դրական է։ Այլ բան է, որ մենք պարտավոր ենք բոլոր վտանգավոր կետերը նկատի ունենալ և դրանց վերաբերյալ ներկայացնել մեր լուծումները։
-Կոնկրետ օրինակներ կարո՞ղ եք բերել։
-Ինչո՞ւ ոչ։ Օրինակ, պետք է կոնկրետացնել փախստականների վերադարձի հարցը. ո՞ր մասն է վերադառնալու անվտանգության գոտու տարածքներ, ո՞ր մասը` Ղարաբաղ, այդպիսի իրավունքից պե՞տք է օգտվեն բուն Ղարաբաղից հեռացած հայերը, ինչպես նաև Շահումյանից բռնագաղթած հայ բնակչությունը։ Եվ այդ դեպքում հանրաքվեի հետաձգումն անիմաստ է, այն պետք է անցկացվի փախստականների վերադարձին զուգահեռ։ Կամ եթե, ասենք, մենք պատրաստ ենք ադրբեջանական կողմին հանձնել մեկ գյուղ, պետք է հասկանալի լինի, թե դրանից հետո ինչ է անելու Ադրբեջանը։ Եթե մեր քայլից հետո Բաքուն չի դիմում իր համարժեք պարտավորությունների կատարմանը, ուրեմն ավտոմատ պետք է գործի դրվի ԼՂՀ-ի անկախության ճանաչման մեխանիզմը միջազգային հանրության կողմից, ինչպես եղավ ալբանական Կոսովոյի դեպքում։ Այսինքն, մենք պետք է աշխատենք և ստեղծենք փոխզիջումների փոխկապակցվածության այնպիսի համակարգ, որ մեր կողմից կատարվող ցանկացած զիջում իր հետևից բերի համապատասխան զիջումներ Ադրբեջանի կողմից։ Բանակցություն նշանակում է համբերության դրսևորում։ Այդ համատեքստում է, որ ես կողմ չեմ արտգործնախարարի հրաժարականին։ Այլ հարց է, եթե գործընթացը ցույց տա, որ մենք չենք կարողանում մեզ համար կարևոր ձևակերպումները ներառել փաստաթղթի մեջ, Հայաստանը պետք է առհասարակ դուրս գա բանակցային գործընթացից։
-Ի՞նչ է կարելի է սպասել Մոսկվայում կայանալիք վաղվա հանդիպումից։
-Չեմ կարծում, թե ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի։ Այլ հարց է, որ յուրաքանչյուր այդպիսի հանդիպման ժամանակ մենք պետք է աշխատենք կոնկրետացնել մեզ համար առարկայական, հանգուցային նշանակություն ունեցող ձևակերպումները։ Մադրիդյան փաստաթուղթը միայն հակամարտության կարգավորման սկզբունքներին չի վերաբերում, այնտեղ արտահայտված են նաև կարգավորման գործընթացի որոշակի մեխանիզմներ։ Սկզբունք կարելի է համարել այն, որ հակամարտությունը լուծվելու է բացառապես խաղաղ ճանապարհով, ժողովուրդների իրավահավասարության հիմքի վրա, որը, ի դեպ, որպես սկզբունք ի հայտ եկավ լրացված փաստաթղթի մեջ։ Բայց եթե խոսվում է ինչ-որ տարածքներից զորքերի դուրսբերման, փախստականների վերադարձի, Ղարաբաղ-Հայաստան միջանցքի ապահովման մասին, սրանք արդեն կոնկրետ քայլեր են, որոնք փաստաթղթում պետք է լինեն մանրակրկիտորեն հստակեցված։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ